Շուլցեի. Գերմանիան մտադիր է աջակցել ՀՀ-ին գերմանական հնարավոր ներդրումների համար նախադրյալներ ստեղծելու գործում
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն Հայաստանում հնարավոր է համարում գերմանական ներդրումները՝ մի շարք իրավական նախադրյալների ապահովման դեպքում, որոնց շատերի ուղղությամբ ՀՀ կառավարությունը այսօր լծված է. Գերմանիան մտադիր է և ուրախ կլինի աջակցել՝ ստեղծելու այդ նախադրյալները:
Շուլցեն նման տեսակետ է հայտնել Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե գերմանացի գործարարների համար Հայաստանում ներդրումային ի՞նչ հնարավորություններ է տեսնում, արդյոք Հայաստանը հարմար միջավայր է գերմանական ներդրումների համար:
Գերմանացի պաշտոնյան շատ կարևոր նախապայման համարեց բարձրակարգ մասնագետների առկայությունը: «Երկրորդը՝ այն իրավական նախադրյալները, որոնց այսօր լծված է ՀՀ կառավարությունը, պայքարը կոռուպցիայի դեմ, արդարադատության համակարգի բարեփոխումները, կայուն ժողովրդավարություն. սրանք այն երաշխիքներն են, որոնց պարագայում հնարավոր են գերմանական ներդրումներ: Գերմանական կողմը մտադիր է և ուրախ կլինի աջակցել ՀՀ կառավարությանը՝ ստեղծելու այս նախադրյալները»,- կայքի փոխանցմամբ՝ ասել է Շուլցեն:
Գերմանացի պաշտոնյան Հայաստանում է երկօրյա այցով: Այցի շրջանակում հուլիսի 1-ին նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:
Կարծիքներ