Խաղաղության մասին մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում տարածաշրջանի շահերին. Փաշինյան

Խաղաղության մասին մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում տարածաշրջանի շահերին. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք, իսկ Հայաստանը խաղաղության մասին իր պատկերացումները որևէ կերպ չի հակադրում տարածաշրջանի շահերին:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում։ 

Վարչապետն ասաց, որ ի հեճուկս բոլոր պատերազմների, բարդությունների, ճգնաժամերի, ինքը Եվրոպական խորհրդարան է գնացել այն հիմնական ուղերձով, որ Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք, այսինքն՝ մի վիճակի կարիք, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով եւ երկխոսությամբ լուծելու փորձ եւ ավանդույթ կուտակած: «Հատուկ ուզում եմ ընդգծել, խաղաղության մասին մեր պատկերացումները որեւէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանի շահերին, որովհետեւ մեր երկիրը խաղաղ կարող է լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը»,- ասաց վարչապետը: 

Փաշինյանը խաղաղության կառուցմանն աջակցելը համարեց իր հիմնական քաղաքական հանձնառությունը:

Նա հավելեց՝  նման հանձնառություն ստանձնելը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատեւ հակամարտությունը, բազմաթիվ զոհերի, անհետ կորածների, գերիների, տառապանքների եւ հուսահատությունների հանգամանքը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում