Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ՝ աշխատանքային այցով Երևանում եմ. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հարգելի ՛ հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ՝ աշխատանքային այցով Երևանում եմ: Օգտագործելով պատեհ առիթն՝ այսօր ընդունել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր» (էսքիզը՝ կից) տեղադրելու վերաբերյալ, որոնք կապված են լինելու Թումո հանգույցների հետ: Յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար: Պայմանավորվածության համաձայն՝ առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն ընթացիկ տարում՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում և Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում: Համեմատության համար նշեմ, որ Թումոյի նույնատիպ կրթական ծրագրերով կենտրոններ գործում են Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում և աշխարհի այլ մեգապոլիսներում: Արցախի ապագան առաջադեմ ու մրցունակ երիտասարդներն են, իսկ դրա համար մեր երեխաները պետք է ունենան կրթական այդպիսի ծրագրերին հաղորդակից լինելու լավագույն հնարավորությունները: Սերունդների որակյալ կրթության ապահովման գործում մեր այսօրվա յուրաքանչյուր ներդրում վաղը բազմապատիկ վերադարձվելու է երկրի զարգացմանը»:
Կարծիքներ