ՀՀ կառավարությունն արցախցիների կոմունալ վճարների փոխհատուցման համար կհատկացնի 4 մլրդ 67 մլն դրամ
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից Արցախի Հանրապետությանը 4 մլրդ 67 մլն դրամ դրամաշնորհ կտրամադրի՝ ԱՀ քաղաքացիների կոմունալ վճարների սուբսիդավորման նպատակով և աշխատանքի խրախուսման ծրագրի շրջանակներում: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի՝ ապրիլի 22-ի նիստում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս ծրագիրը դեռ պատերազմի ընթացքում էին սկսել: «Սեպտեմբերից Արցախում կոմունալ վճարումների փոխհատուցում է իրականացվում կառավարության կողմից: Սրա շրջանակում ամբողջ 2021-ին շարունակվելու է սուբսիդավորումը և այս որոշմամբ իրականացնում ենք հերթական դրամաշնորհը»,- ասաց նախարարը:
Առաքելյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի հունվարից Արցախում իրականացվում է աշխատանքի խրախուսման ծրագիր: «Ոչ պետական ընկերությունների կողմից եկամտային հարկի փոխհատուցման ծրագիր է իրականացվում: Սրա շրջանակում հունվար-փետրվար ամիսների համար 420 միլիոնի դրամաշնորհի հատկացում է եղել: Այս ծրագիրն արդեն մի փոքր արդյունք տվել է՝ մարտ ամսին փետրվարի համեմատ Արցախում մոտ 600 աշխատատեղ է ստեղծվել: Հետպատերազմական վիճակում կարծում եմ բավականին մեծ ձեռքբերում է»,- ընդգծեց նախարարը:
Կարծիքներ