Սամվել Կարապետյանի քարոզարշավի ժամանակ թմրանյութ բաժանելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ինչպես ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր՝ հղում անելով իր տեղեկություններին, մարտի 24-ին Սամվել Կարապետյանի աջակիցները քարոզարշավ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, որի ժամանակ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկու անձ է ձերբակալվել, որից մեկը Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուն է:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ էր հաստատել ՆԳՆ, որտեղից ի պատասխան մեր հարցադրումների՝ հայտնել էին. «Երկու անձ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գավառի բաժին, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված»:
ՆԳՆ-ից այլ մանրամասներ չէին հաղորդել:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
2 անձ ձերբակալվել է:


Կարծիքներ