Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն առաջին անգամ կմասնակցի «Երևանի գինու օրեր» փառատոնին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն առաջին անգամ կմասնակցի «Երևանի գինու օրեր» փառատոնին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցող շահառուների հետ միասին հունիսի 3-5-ն առաջին անգամ մասնակցելու է «Երևանի գինու օրեր» փառատոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիմնադրամից, նշելով, որ պատերազմում զինհաշմանդամություն ձեռք բերած հիմնադրամի շահառուները երեք օր շարունակ տաղավարում ցուցադրելու և վաճառելու են իրենց ձեռագործ աշխատանքները, պատմելու են իրենց բիզնեսի, նպատակների և ապագայի պլանների մասին։

Հիմնադրամից տեղեկացնում են, որ նրանցից մի քանիսը բիզնեսը սկսել են պատերազմից հետո, ոմանք էլ նախկինում սկսած աշխատանքը նոր գաղափարներով և եռանդով շարունակում են նաև այսօր։

Փառատոնի շրջանակներում ներկայացվելու են Հիմնադրամի առաքելությունը, կատարած աշխատանքը, ապագայի տեսլականն ու ծրագրերը։ Ցանկացողները կարող են նաև նվիրաբերություն կատարել Հիմնադրամին տեղում՝ կանխիկ կամ քարտային փոխանցման եղանակով։

Հիմնադրամի տաղավարը տեղակայվելու է Թումանյան փողոցի հատվածում՝ հունիսի 3-ին, 4-ին եւ 5-ին՝ յուրաքանչյուր օր ժամը 16։00-23։00-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում