100 տարին լրացած բոլոր թոշակառուները կստանան 1մլն դրամ՝ անկախ բնակության վայրից

100 տարին լրացած բոլոր թոշակառուները կստանան 1մլն դրամ՝ անկախ բնակության վայրից

Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացի, որոնց 100 տարին լրացել է կամ կլրանա 2026 թվականին, պետական մակարդակով կստանան հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն՝ միանվագ 1 մլն դրամի չափով։

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 5-ի նիստում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախաձեռնության նպատակն է երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրենց կյանքի մեկ դարը նվիրել են ընտանիքին, հայրենիքին, պետությանը, աշխատանքին և հանրությանը։

Կառավարության գնահատմամբ՝ այս քայլը, բացի ֆինանսական աջակցությունից, ունի նաև կարևոր բարոյական նշանակություն՝ որպես գնահատանք մի ամբողջ սերնդի, որն ապրել և կերտել է ժողովրդի պատմության տարբեր փուլերում՝ անցնելով ծանր փորձությունների միջով։ Այդ թվում նշվում են Հայրենական մեծ պատերազմը, հետպատերազմական բարդ տարիները, երկրաշարժը, 1990-ականների պատերազմական և սոցիալ-տնտեսական դժվարությունները, ինչպես նաև քաղաքական ու հասարակական տրանսֆորմացիաները։

«Այս մարդիկ մեր ազգային հիշողության կենդանի կրողներն են, իսկ նրանց կենսագրությունները՝ մեր պատմության անբաժանելի մասը»,– ասվում է որոշման հիմնավորման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում