Ալիևը հրավիրվել է Սուրբ Սոֆիայի տաճարում կայանալիք առաջին նամազին

Ալիևը հրավիրվել է Սուրբ Սոֆիայի տաճարում կայանալիք առաջին նամազին

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունից հետո այնտեղ հուլիսի 24-ին կայանալիք առաջին նամազին հրավիրվել են տարբեր երկրների առաջնորդներ, այդ թվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:

Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին մահմեդական աղոթքին ներկա են լինելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Քաթարի ղեկավարը, մի շարք այլ երկրների ղեկավարներ:

Ուրբաթօրյա առաջին նամազի պատրաստության աշխատանքները տաճարում շարունակվում են:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ:

Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:

1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում