140 հազարից ավելի դեղատոմս է դուրս գրվել, համակարգը նորմալ աշխատում է․ Ավանեսյան
Դեղատան աշխատակցի կողմից բուժառուի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը փակ է, չի կարող որևէ դեղատան աշխատակից տեսնել բուժառուի որևէ առողջական տվյալ: Հավաստիացնում եմ, որ այս համակարգի շնորհիվ բժշկական գաղտնիքը շատ ավելի պաշտպանված է, քան թե առաջ թղթային տարբերակներով է եղել:
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի այն մտահոգությանը, թե էլեկտրանային դեղատոմս դուրս գրելու որոշմամբ պայմանավորված՝ բուժառուների հիվանդությունները կարող են հասանելի դառնալ դեղատան աշխատակիցներին:
«Համակարգը նորմալ աշխատում է: 140 հազարից ավելի դեղատոմս է դուրս գրվել արդեն, և սա խոսում է այն մասին, որ գործարկման փուլը բարեհաջող անցել ենք: Իհարկե, կան որոշակի սխալ պատկերացումներ, թե ինչպես է գործելու համակարգը, որին ի պատասխան՝ մենք անընդհատ տեղեկատվական ձևով փորձում ենք բացատրություններ տալ»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը նշեց, որ ալերգիայի պարագայում որոշակի դեղամիջոցների հասանելիության խնդիր կա, սակայն Ավանեսյանը տեղեկացրեց, որ հակահիստամինային դեղամիջոցները, որոնք ուղղված են ալերգիաների բուժմանն ու կանխարգելմանը, էլեկտրոնային դեղատոմսով գնվող խմբերին չեն պատկանում, և քաղաքացիները դրանք կարող են ձեռք բերել առանց դեղատոմսի:
Կարծիքներ