Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը, որը նախորդ տարիներին Հայոց ցեղասպանության տարելիցին ոգեկոչման միջոցառումներ է կազմակերպել Թաքսիմի, Թյունելի և Շիշհանեյի շրջաններում, չորեքշաբթի ժամը 19.00-ին Քադըքոյ Սյուրեյյա օպերայի դիմաց ոգեկոչման միջոցառում իրականացնելու թույլտվության համար դիմել է Ստամբուլի նահանգապետարան և մերժում ստացել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է «Ակօս»-ը։

«1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մեր միջոցառումը, որը մենք կազմակերպել ենք Ստամբուլում և Թուրքիայի տարբեր քաղաքներում 2010 թվականից մինչև 2019 թվականը, արգելված է 2020 թվականից: Ստամբուլի նահանգապետարանը, օգտվելով համաճարակի ժամանակաշրջանում փողոցում մեր կողմից հիշատակի միջոցառում չանցկանցկացնելու հանգամանքից, վերջին երեք տարիների ընթացքում արգելափակել է մեր հիշատակի ծրագիրը։ Տարիներ շարունակ անցկացվող ոգեկոչման միջոցառումը միայն մամուլի համար հայտարարություն չէ, այլ մոտ մեկ ժամ տևողությամբ հարգանքի լուռ ակտ է նրանց նկատմամբ, ում մենք կորցրել ենք։ Մեր ոգեկոչման միջոցառման՝ առանց որևէ հիմնավորման արգելումը մենք դիտարկում ենք որպես հակաժողովրդավարական քայլ։ Այն, որ Ժողովրդավարացման ամենակարևոր շրջադարձային կետերից մեկի՝ 1915-ին առերեսվելու վերաբերյալ միջոցառումը «նպատակահարմար չի համարվում», վկայում է չժողովրդավարացման և ռասիստներին արվող զիջման մասին»,- նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ հարթակի ներկայացուցիչները նաև նահանգապետարանին կոչ են արել վերանայել որոշումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում