Գարեգին Երկրորդն ընդունել է Ուղղափառ եկեղեցիների միջազգային բարեգործական կազմազմակերպության գործադիր տնօրենին
Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Կոնստանտին Տրայանտաֆիլուին՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն պարոն Կարեն Նազարյանի:
Տիար Կարեն Նազարյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակության Հայաստան այցի նպատակների և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ նախանշվող նոր՝ զարգացման ծրագրերի մասին։
Հանդիպմանը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց տիար Կոնստանտին Տրայանտաֆիլուին՝ ողջունելով Հայաստանում Կլոր սեղան հիմնադրամի հետ իրականացված բարգործական ծրագրերը և զարգացման ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։ Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձավ Ուղղափառ Եկեղեցիների և Մայր Աթոռի միջև առկա ջերմ հարաբերություններին և փոխգործակցային մթնոլորտին՝ գոհունակություն հայտնելով նաև Հայաստանի համար դժվարին իրավիճակներում Քույր Եկեղեցիների կողմից ցուցաբերված զորակցության առնչությամբ։
Զրույցի ընթացքում խոսվեց Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, բարեսիրական և առողջապահական ծրագրերի մասին, որոնք ուղղված են ինչպես սոցիալապես անապահով ընտանիքների, խոցելի խմբերի աջակցությանը, այնպես էլ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց կարիքներին:
Իր հերթին Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրենը ներկայացրեց կազմակերպության կողմից տարբեր երկրներում իրականացվող հումանիտար ծրագրերը, կարևորեց ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ ընդլայնվող համագործակցությունը՝ ի նպաստ առկա կարիքների հաղթահարման։ Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արժանապատիվ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյանը։
Կարծիքներ