Կապահովվի Շուռնուխի անշարժ գույքը կորցրած ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը:
Հաշվի առնելով նշված ընտանիքների կարիքների բավարարման հրատապությունը նախատեսվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները հատկացնել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում՝ դրանցում ավելացումներ անելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ նոր վերջնաժամկետի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ նախորդ տարիներից եկող խոչընդոտ առաջացրած և հետագայում աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականությունը խաթարած սահմանային միջադեպերով պայմանավորված շինարարական աշխատանքների մասնակի դադարը և դեպի Շուռնուխ բնակավայր տանող գրունտային ճանապարհի փլուզման հետևանքով վերջինիս անանցանելի դառնալու հանգամանքը:
Բացի այդ՝ բնակելի թաղամասի տարածքով խմելու ջրի մատակարարման բացակայության խնդրով պայմանավորված թաղամասի կարիքների համար օրվա կարգավորի ջրամբար կառուցելու անհրաժեշտությունը, որը իրականացվում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից բարեգործական ծրագրի ֆինանսավորմամբ, իսկ լրացուցիչ 24 խմ տարողությամբ ջրամբարի կառուցումը ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Խոչընդոտ է հանդիսացել նաև տարածքով անցնող բարձրավոլտ էլկտրասնուցման գիծը, որի տեղափոխությունն իրականացվելու է կառուցապատողի ֆինանսավորմամբ՝ մատակարար կազմակերպության կողմից: Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1,2 մլրդ դրամ, որից 2022 թ.-ին չիրացված գումարը՝ շուրջ 228,0 մլն դրամ: Բնակելի թաղամասի ավարտն ապահովելու համար անհրաժեշտ է 2023 թ. ֆինանսավորել լրացուցիչ 228 մլն դրամով:
Կարծիքներ