Կրեմլն անընդունելի է համարում Բայդենի՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններում առկա «վերջնագրային երանգները». Պեսկով
Կրեմլն անընդունելի է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններում առկա «վերջնագրային երանգները»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
«Վերջնագրային երանգները մեզ համար անընդունելի են, մենք արդեն ասել ենք, որ ականջալուր չենք լինելու նման հայտարարություններին»,- հայտարարել է Պեսկովը:
Պեսկովը նաև հայտարարել է, որ Կրեմլն ափսոսում է ԱՄՆ նախագահի ագրեսիվ ու ոչ կառուցողական հռետորաբանության համար:
Միևնույն ժամանակ, Մոսկվան ակնկալում է, որ չնայած բոլոր տարաձայնություններին, երկու երկրները փոխգործակցության հիմք ունեն, ասել է մամուլի քարտուղարը:
«Մենք ակնկալում ենք, որ չնայած հիմնական հարցերի վերաբերյալ հսկայական տարաձայնություններին և տարբեր մոտեցումներին, մենք փոխգործակցության հիմք ունենք: Մենք հույս ենք դնում ամերիկացիների քաղաքական կամքի վրա՝ շարունակելու համար հաղորդակցությունը այնտեղ, որտեղ դա ձեռնտու է մեզ»,- ավելացրել է Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն էր հայտնել դիմակայելու ամերիկյան ժողովրդավարությանը վնաս հասցնելու Ռուսաստանի փորձերին և նախազգուշացրել էր, որ ավարտվել է այն ժամանակը, երբ ԱՄՆ-ն հանձնվում էր Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների դեմ: Բացի այդ, Բայդենը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին:
Կարծիքներ