Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նախագահին
Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն (նստավայրը` Աթենք) հունիսի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային։
Ինչպես տեղեկացնում Հունասըանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Ալբանիայի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում:
«Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն հաստատելու մեծ ներուժ ունեն և հույս հայտնել, որ մոտ ապագայում հայ-ալբանական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի, կդրվեն երկկողմ իրավապայմանագրային դաշտի հիմքերը: Միաժամանակ դեսպանը նշել է, որ իր գործունեության առանցքում լինելու են ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, այլ նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում առկա ներուժի կիրառումը։ Այդ համատեքստում դեսպանն ընդգծել է, որ Ալբանիայի մայրաքաղաքում «Թումո Տիրանայի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն իր ուրույն դերակատարությունն ունի` ինչպես երկու երկրների միջև գիտական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, այնպես էլ երկու երկրների երիտասարդության, ապագա սերունդների կապերի ամրապնդման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափում առկա փոխադարձ աջակցությունը։
Նշվում է, որ նախագահ Իլիր Մետան հաջողություններ է մաղթել դեսպան Մկրտչյանին Ալբանիայում դիվանագիտական առաքելության իրականացման գործում և արտահայտել իր աջակցությունն այդ առաքելությանը: Ալբանիայի նախագահը նաև կարևորել է Ալբանիայի հայ համայնքի դերը` երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:
Կարծիքներ