Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
2020թ. նոյեմբերի 11-ին քրեական գործ էր հարուցվել նույն օրը երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ցուցարաների ուղղությամբ ծխանռնակ նետելու փաստի առթիվ: Նշած արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա նույն օրը ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Ա. Օ.-ն: ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ պատշաճ և հետևողական դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի կողմից իրականացված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա.Օ.-ն, նոյեմբերի 11-ին, ժամը 20:00-ի սահմաններում, օգտագործելով ալկոհոլ և հեռուստացույցով տեսնելով, որ ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի է ունենում հանրահավաք, զայրանալով այդ փաստից, դուրս է եկել բնակարանից, իր ընտանիքին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է ծխանռնակ և պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել Երևան քաղաքի Բաղրամյան 19 հասցե, ՀՀ ԱԺ-ի դիմաց, որտեղ անցկացվում էր հանրահավաքը:
Դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այնտեղ հավաքված անձանց նկատմամբ՝ նաև հետը նախորոք բերված, հատուկ միջոց հանդիսացող ծխանռնակը գործարկելով նետել է հավաքված անձանց ուղղությամբ: Արդյունքում տեղի է ունեցել ծխարձակում, և այդ դիտավորյալ գործողություններով իրարանցում և խառնաշփոթ է առաջացել բազմամարդ հավաքի վայրում:
Կատարած հանցավոր արարքի համար Ա. Օ.-ին վերջնարդյունքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
2020թ. նոյեմբերի 26-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործը ըստէ ության քննելու նպատակով ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ