Վերակառուցվել է Խնձորուտի խմելու ջրագիծը. ծրագիրն իրականացվել է 16 մլն դրամով Համաշխարհային բանկի վարկային միջոցների համաֆինանսավորմամբ
Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, ՀՀ կառավարության և Զառիթափ խոշորացված համայնքի համաֆինանսավորմամբ՝ ընդհանուր շուրջ 16 մլն դրամով վերակառուցել է Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի ջրաղբյուրը և խմելու ջրագիծը: Խնձորուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգը սպասարկվում է համայնքի կողմից: Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից:
Տարիների ընթացքում կատարվել են ինչպես վերակառուցման, այնպես էլ նորոգման և վերանորոգման աշխատանքներ, սակայն համակարգն ամբողջությամբ չի ենթարկվել վերակառուցման: Ծրագրով իրականացվել է աղբյուրակապի վերանորոգում, շուրջը սանիտարական գոտու ստեղծում և արտաքին ցանցի կառուցում` պոլիէթիլենային և պողպատե խողովակներով, որոնց երկարությունը 1165 մետր է:
Այսօր արդեն համայնքի 554 բնակիչներից 300-ը օգտվում են խմելու ջրից: Նախկինում ջրի սակավություն էր. խողովակաշարի որոշ հատվածների և աղբյուրակապի անմխիթար լինելու պատճառով՝ ջուրը լիարժեք չէր հասնում Խնձորուտ բնակավայր: Այժմ ջրամատակարարումն իրականացվում է շուրջօրյա։
Կարծիքներ