Չինաստանում գրանցվել է վերջին ամիսների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի ամենամեծ աճը. Ավստրալիան և Հնդկաստանը վարակման դեպքերի նոր հակառեկորդ են սահմանել

Չինաստանում գրանցվել է վերջին ամիսների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի ամենամեծ աճը. Ավստրալիան և Հնդկաստանը վարակման դեպքերի նոր հակառեկորդ են սահմանել

Չինաստանում արձանագրվել է ապրիլից ի վեր կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ամենաբարձր ցուցանիշը: Երկրում գրանցվել է 61 նոր դեպք, ինչը լուրջ մտավախություն է առաջացնում առ այն, որ  երկրում վարակի նոր ալիք է սկսվում: Դեպքերը գրանցվել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինծիան, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի հետ սահմանակից Լյաոնին և Գիրին նահանգներում: Իշխանությունները պատրաստվում են զանգվածային թեստավորում անցկացնել, հայտնում է The Guardian-ը:

Համաճարակաբանական իրավիճակը սրվել է նաև Ավստրալիայում, որտեղ վարակման օրական ցուցանիշի նոր հակառեկորդ է սահմանվել՝ 532 նոր դեպք: Իրավիճակն առավել լուրջ է Վիկտորիա նահանգում, որի նահանգապետը չի բացառել սահմանափակումների և արգելքների վերականգնումը: Նահանգապետը բնակիչներին կոչ է արել նույնիսկ թույլ ախտանշաններ ունենալու դեպքում տնից դուրս չգալ:

Հնդկաստանը ևս վարակման օրական ցուցանիշի նոր հակառեկորդ է սահմանվել. երկրում մեկ օրում գրանցվել է վարակման մոտ 50 000 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է ավելի քան 1,4 մլն վարակման դեպք: Վերջին շաբաթվա ընթացքում մահացության ցուցանիշն աճել է 19%-ով:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այստեղ անցած հինգ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 5000 դեպք: Իրավիճակը գնալով վատթարանում է հարավային և արևմտյան նահանգներում: Երկրում, առայսօր գրանցվել է վարակման  ավելի քան 4,2 մլն դեպք, որից մոտ 150 000-ը՝ մահվան ելքով:

Ամերիկյան իշխանությունները, որոնք նախապատրաստվում են նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, այժմ քննարկում են բնակչությանն աջակցության հաջորդ փաթեթի տրամադրման հավանականությունը:

Ճապոնիայում ևս ավելացել է վարակակիրների թիվը. դա տեղի է ունեցել մեծ թվով աշխատավայրերի վերաբացման և մարդկանց՝ գրասենյակներ ու աշխատանքի այլ վայրեր վերադառնալուց հետո:

Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հայտնել է մեկ օրում վարակման 5480 նոր դեպքի մասին, գրանցվել է 306 մահ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարկման 390 516 և մահվան 43 680 դեպք:

Մինչդեռ  Նոր Զելանդիայում արդեն երրորդ օրն անընդմեջ վարակման որևէ նոր դեպք չի գրանցվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում