Բելառուս-Լեհաստան սահմանին 2 լեհ զինվոր է վիրավորվել ներգաղթյալների գրոհի հետևանքով
Բելառուսի և Լեհաստանի սահմանին իրավիճակը լարված է։ Երկու լեհ զինվոր վիրավորվել է այն բանից հետո, երբ անօրինական ներգաղթյալները փորձել են Բելառուսի սահմանից գրոհել Լեհաստանի սահմանի վրա։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ շաբաթ և կիրակի օրերին 60-70 մարդուց կազմված ագրեսիվ խմբերը սահմանապահների և զինվորականների ուղղությամբ նետել են քարեր և ճյուղեր։ Երկու զինվոր հոսպիտալացվել է։ Լեհաստան ուժով ներթափանցելու փորձերը կանխվել են։
Վերջին 24 ժամվա ընթացքում բելառուսալեհական սահմանը անօրինական կերպով անցնելու 508 փորձ է արձանագրվել։ Բերման է ենթարկվել 19 անօրինական ներգաղթյալ Սիրիայից, Իրաքից և Պաղեստինից։
Վերջերս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտարարում են, որ Բելառուսի հետ սահմանին ավելի ու ավելի շատ միգրանտներ են ձերբակալվում։ Նրանք Մինսկին մեղադրում են միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ։ Լեհաստանի իշխանությունները սահմանամերձ շրջաններում արտակարգ դրություն են մտցրել, սահմանի պահպանության գործում ներգրավել են բանակն ու ոստիկանությունը։
Բելառուսն իր հերթին պնդում է, որ հարևան երկրները բռնի ուժով արտաքսում են անօրինական ներգաղթյալներին, ընդ որում՝ շատերին մարմնական վնասվածքներով։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերով ՝ հանրապետությունն այլևս չի կարող զսպել մարդկանց հոսքը, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով դրա համար «ո՛չ փող ունի, ո՛չ ուժ»:
Ի դեպ, Euronews-ը հաղորդում է, որ Գերմանիան իր սահմանները անօրինական ներգաղթյալներից պաշտպանելու համար Լեհաստանի հետ սահմանին հարյուրավոր ոստիկանների է տեղակայել և պատրաստ է ավելացնելու նրանց թիվը։
Կարծիքներ