Տիեզերք, տեխնոլոգիաներ, գիտություն, արվեստ և երաժշտություն․ ներկայացվել է անցկացվելիք համաշխարհային փառատոնի ծրագիրը

Տիեզերք, տեխնոլոգիաներ, գիտություն, արվեստ և երաժշտություն․ ներկայացվել է անցկացվելիք համաշխարհային փառատոնի ծրագիրը

Հունիսի 16-ին Մատենադարանի մեծ սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները։

Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների:

STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գինտականների ու աստղերի։

Մամուլի ասուլիսը կրում էր ոչ սովորական ձևաչափ. հիմնական բանախոսը՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը, հեռավար միացումով հյուրընկալել էր STARMUS -ի խորհրդի անդամ Դեյվիդ Այքերին (David Eicher, Board member), Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերին (Edvard Moser, Nobel laureate, Neuroscientist) և երաժիշտ Դերեկ Շերինյանին: Հնչեցին նաև Բրայան Մեյի և Սերժ Թանկյանի ուղերձները։

«Ցանկանում եմ նշել, որ ուրախությամբ մասնակցել եմ վերջին 7 տարիների բոլոր STARMUS փառատոներին և մեծ բավականություն ստացել։ Սիրով սպասում եմ Հայաստանում ևս անցկացվի այս փառատոնը: Ես կխոսեմ ուղեղի աշխատանքի և երաժշտության կապի մասին։ Ուրախ եմ մաս կազմելու մտքի ու երաժշտության միաձուլման յուրօրինակ միջոցառումներին»,-նշեց Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերը ուղիղ տեսազանգի ընթացքում։

«STARMUS-ի շատ խոսնակների ջանքերի շնորհիվ է, որ այսօր պատկերացնում ենք մեր տեղը տիեզերքում և ոգեշնչում մարդկանց նորանոր ուսումնասիրությունների։ Մենք ոչ միայն աստղագիտության և աստղաֆիզիկայի, մոլորակների ուսումնասիրության ոսկե դարաշրջանում ենք ապրում, այլև ահռելի թվով նոր հայտնագործությունների ականատեսն ենք»,- մատնանշեց STARMUS-ի խորհրդի անդամ Դեյվիդ Այքերը։

«Շատ ոգևորված եմ, պատրաստվում եմ 3 օր առանձին ելույթներով հանդես գալ Սայմըն Ֆիլիպսի, Ռիկ Ֆիերաբրաչիի և Տիգրան Համասյանի հետ։ Շատ բազմազան ու որակյալ երաժշտություն ենք ներկայացնելու »,-նշեց անվանի երաժիշտ Դերեկ Շերինյանը։

STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյն իր տեսաուղերձում նշեց, որ համոզված է՝ Հայաստանում փառատոնը մեծ հաջողություն է ունենալու:

Սերժ Թանկյանը բոլորին հրավիրեց մասնակցել ու վայելել բարձրակարգ երաժշտության ու գիտության օրերը, որին նաև ինքն է մասնակցելու:

Գարիկ Իսրաելյանը ներկայացրեց STARMUS փառատոնի հիմնական ծրագիրը.

Կոնֆերանս «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» (Discover the cosmos and change the world), որն անց է կացվելու Մարզահամերգային համալիրի տարածքում և ակնկալվում է շուրջ 7000 մասնակցի ներկայություն
Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը, որը ողջ աշխարհում ճանաչված է որպես գիտության հանրայնացման «Օսկար»
«108 րոպե Կլոր-սեղան քննարկում» - Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ
Սթար փարթի (Star Party)՝ հատուկ միջոցառում աշխարհահռչակ հյուրերի և տեղացի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն անցկացվելու է Գառնիում։ Այստեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակներում Հայաստան բերված մեծաթիվ աստղադիտակներ։
Ներկայացվեցին նաև ոչ պակաս կարևոր և ծրագրի մաս կազմող հավելյալ միջոցառումները, որոնք ամենատարբեր ձևաչափերով մշակվել են հատուկ հայաստանյան փառատոնի համար:

Նախատեսվում է կազմակերպել գիտության ճամբար (Science Camp). Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, ուր ամենահասանելի ձևաչափերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ Աստղաֆիզիկա, Լազերային ֆիզիկա, Դրոններ, Ռոբոտաշինություն, Արհեստական բանականություն, ԱգրոՏեխ, Միջուկային էներգիա, Համաճարակաբանություն, Երկրաշարժի ուսումնասիրություններ, Կապույտ կանաչ մոլորակ, Աստղադիտակներ, Կենդանաբանություն և բուսաբանություն, Աջակցող տեխնոլոգիաներ, Տիեզերական և արհեստական արբանյակներ թեմաների շուրջ։ Ակնկալվում է շուրջ 100 հազար այցելուի մասնակցություն ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից և Արցախից։

Տիեզերական տեխնոլոգիաներ (Space Technologies) երկօրյա կոնֆերանսը, որն անցկացվելու է Մարզահամերգային համալիրում, ներգրավելու է շուրջ 20 համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակների, այդ թվում տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող Satlantis ընկերությունից։

Ծրագրին մասնակից հայաստանյան բուհերի (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան ) մասնակցությամբ հնարավորություն է ընձեռվելու ուսանողներին իրենց մայր բուհերում ունկնդրելու մեծանուն և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների:

Հայաստանում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են նաև բազմաթիվ այլ գունեղ միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

STARMUS VI փառատոնի ամբողջական ծրագրին հնարավոր է ծանոթանալ պաշտոնական՝ https://www.starmus.com/Armenia էջում։

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնն անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։