ԱՄՆ-ը լրացուցիչ 204 մլն դոլար է հատկացնում Աֆղանստանին մարդասիրական օգնության համար
ԱՄՆ-ն Աֆղանստանին լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի մոտ 204 մլն դոլար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ հինգշաբթի երեկոյան տարածած հայտարարության մեջ։
«Մենք տրամադրում ենք մոտ 204 միլիոն դոլար հավելյալ մարդասիրական օգնություն Աֆղանստանի ժողովրդին աջակցելու համար՝ 2021 թվականի օգոստոսից սկսած օգնության ընդհանուր գումարը հասցնելով 720 միլիոն դոլարի։
Հատկացված միջոցները կբաշխվեն ՄԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների և մի շարք միջազգային մարդասիրական կազմակերպությունների միջոցով։ Ըստ հայտարարության՝ այս գումարը նախատեսված է սնունդ և ջուր գնելու, տարրական բժշկական ծառայություններ տրամադրելու, Աֆղանստանի ժողովրդին ապաստան և իրավական պաշտպանություն ապահովելու, գենդերային բռնության դեմ պայքարին, ներքին տեղահանվածների վերաինտեգրմանը նպաստելու համար:
Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Աֆղանստանի ժողովրդի հումանիտար կարիքներին աջակցելուն և շարունակում է պնդել, որ թալիբների ղեկավարությունը պահպանի իր հանձնառությունը հարգելու Աֆղանստանի բոլոր քաղաքացիների իրավունքները, ներառյալ աֆղան կանանց կրթություն ստանալու իրավունքը»: - ընդգծված է հայտարարության մեջ։
Կարծիքներ