Բնակարաններ, հողամասեր, մի քանի միլիոն դրամ. ինչ ունեցվածք է հայտարարագրել Գառնիկ Դանիելյանը

Բնակարաններ, հողամասեր, մի քանի միլիոն դրամ. ինչ ունեցվածք է հայտարարագրել Գառնիկ Դանիելյանը

 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, դաշնակցական Գառնիկ Դանիելյանը 2024 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նա Տավուշի մարզի Իջևան համայնքում ունի միանձնյա սեփականությամբ հասարակական նշանակության շինություն և հողամաս, ինչպես նաև նույն համայնքում Դանիելյանին է պատկանում որպես ժառանգություն բաժնային սեփականությամբ մեկ բնակարան։

2008 թվականին պատգամավորը Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում բնակարան է ձեռք բերել, Գեղարքունիքի Գեղամավան գյուղում էլ 2021 թվականին ձեռք է բերել միանձնյա սեփականությամբ հողամաս։

Բացի Գեղամավան գյուղում գտնվող հողամասը, մյուս թվարկված անշարժ գույքերը տարեվերջում պահպանվել են։

2023 թվականի նոյեմբերին ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը համատեղ սեփականությամբ բնակարան և ավտոկայանատեղի է գնել Երևանի Կոմիտաս պարկ թաղամասում, որի համար կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին վճարել է մոտ 32,3 միլիոն. բնակարանն արժե 29 միլիոն 376 հազար 256 դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 2 միլիոն 858 հազար դրամ։

Նրա հայտարարագրի համաձայն՝ վերջինս նաև երկու փոխառություն է տվել նույն «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին. ընդհանուր 24 միլիոն դրամ (6 միլիոն 446 հազար 856 դրամ և 17 միլիոն 625 հազար 748,8 դրամ)՝ բնակարանի գնման իրավունքի համար։

Միևնույն ժամանակ օրենսդիրի անդամը 2023 թվականին 1 միլիոն 590 հազար դրամով և 295 հազար դրամով վաճառել է միանձնյա սեփականությամբ երկու հողամաս, որոնք գտնվել են Գեղարքունիքի մարզի Գեղմավան գյուղում։

 

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ նախաձեռնող պատգամավորը 90 օրից ավելի վարել է այլ անձի պատկանող 2015 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա։

Տարվա ընթացքում Դանիելյանի դրամական միջոցը կազմել է 767 հազար 28 դրամ, որը տարեվերջին դարձել է 1 միլիոն 238 հազար 969 դրամ, կանխիկ դրամական միջոցը եղել է 9 միլիոն, որը տարեվերջին դարձել է 5 միլիոն դրամ և 25 հազար դոլար:

Նրա տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 37 միլիոն 176 հազար 340 դրամ, որից 295 հազար դրամը՝ որպես գույքը օտարելուց ստացված եկամուտ, ստացել է Անուշավան Սիմոնյանից, և 1 միլիոն 590 հազար դրամ՝ «Գեվմիկ» ՍՊԸ-ից։ Դանիելյանն Ազգային ժողովից ստացել է 9,5 միլիոն դրամ աշխատավարձ։

Նա 25 միլիոն 787 հազար 400 դրամ արժեքով վարկ ունի «Ինեկոբանկ»-ից, որի մնացորդը կազմում է 18 միլիոն 753 հազար 390 դրամ։ Վերջինս տարվա ընթացքում 2 միլիոն դրամը գերազանցող միանվագ ծախս է արել՝ 3,5 միլիոն դրամ ծավալով։

Դանիելյանի կինը՝ Իդա Ղալումյանը, բացի նոր ձեռքբերված համատեղ սեփականությամբ բնակարանից և ավտոկայանատեղիից, հայտարարագրել է 2 միլիոն 62 հազար դրամ կանխիկ գումար։

Նա ամուսնու հետ համավարկառու է, ինչպես նաև «Յունիբանկ»-ից 2,1 միլիոն 13 հազար դրամի վարկ է ստացել։

Գառնիկ Դանիելյանի կինը իր հերթին 2,9 միլիոն դրամի միանվագ ծախս է արել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում