Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 27-ին հանդես են եկել երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությամբ, որը դատապարտում է ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ նկատմամբ, կոչ է անում անհապաղ դադարեցնել ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ բանաձևով համերաշխություն է հայտնվում ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչ է արվում մեծացնել Հայաստանին և Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։
Ներկայացված բանաձևի նախագծի առիթով Ռոբերտ Մենենդեսը նկատել է․
«Ադրբեջանի վերսկսած հարձակումը հայկական տարածքների վրա և քաղաքացիական ենթակառուցվածքների կոպիտ թիրախավորումը մարդկային կյանքի հանդեպ արհամարհանքի սարսափելի ցուցադրություն է։ Քանի որ տարածաշրջանի համայնքները, ներառյալ Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը և Ճակատենը տառապում են Ալիևի վարչակարգից, Միացյալ Նահանգները պետք է աջակցության խոսքերը որոշակիացնի Հայաստանի ժողովրդի համար արվող գործողություններով: Այս բանաձևով մենք հասկացնում ենք, որ ԱՄՆ կառավարության համար ազգային անվտանգության հրամայական է անել ճիշտը և մեկընդմիշտ դադարեցնել անվտանգության ապահովման աջակցությունն Ադրբեջանին»:
Իր հերթին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․
«Մենք ողջունում ենք նախագահ Մենենդեսի և սենատոր Ռուբիոյի վճռական ջանքերը՝ կիրառելու «907-րդ բանաձևը», որը դադարեցնում է ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից ինքնիշխան Հայաստանի և Արցախի տարածքների շարունակական օկուպացման: «Ամերիկյան «արհեստական հավասարության» քաղաքականությունը միայն քաջալերել է նախագահ Ալիևին ընդլայնել իր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ։ Վաղուց ժամանակն է դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը և պատժել Ալիևին և նրա կոռումպացված կառավարությանը»։
ԱՄՆ Սենատում Ռոբերտ Մենենդեսի և Մարկո Ռուբիոյի ներկայացրած բանաձևով, փաստորեն, Ադրբեջանին ամերիկյան անվտանգության օժանդակությունից զրկելու, պատժամիջոցների կիրառման ինչպես նաև հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր մտնում են նաև ԱՄՆ Սենատի օրակարգ։
Կարծիքներ