«Ձեռք ձեռքի տված» ներառական ծրագիրը բացահայտում է սահմանափակ կարողություններով երեխաների ստեղծագործական ունակությունները
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի «Օկտավա» երաժշտաթերապևտների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «Ձեռք ձեռքի տված» ներառական ծրագիրը։
Նախագիծը մեկնարկել է ապրիլ ամսից և իրականացվում է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում, «Source Foundation Supporting Children with disabilities» և «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների խնամքի, զարգացման կենտրոններում։ Ծրագրի տևողությունը 4 ամիս է:
Նախագծի շրջանակում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ վերը նշված կազմակերպությունների, ինչպես նաև «Արեգնազան» կրթահամալիրի երեխաների, ծնողների և մասնագետների համար:
Ծրագրի նպատակն է բացահայտել և զարգացնել սահմանափակ կարողություններով երեխաների ստեղծագործական ունակությունները, կամուրջ հանդիսանալ ծնողի և երեխայի միջև, միավորել տարբեր ունակություններ ունեցող երեխաներին, հնարավորություն տալ համագործակցելու մյուս երեխաների և ծնողների հետ:
Նախագիծը մասնագետների համար փորձի փոխանակման հարթակ է՝ միաժամանակ նպաստելով ծնողների և երեխաների միասին ստեղծագործելու և մասնագետների օգնությամբ նոր հաջողությունների հասնելու գործընթացին։
«Ձեռք ձեռքի տված» նախագծին մասնակցում են 48 երեխա, 48 ծնող (խնամակալ), 20 մասնագետ։
Կարծիքներ