Պետությունը զորավոր է, եթե ամուր ու առողջ է ընտանիքը. Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
Սրտանց և խոնարհումով շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Այս տոնը մեզանում մայրության մեծարման, կնոջ դերի արժևորման ևս մեկ վկայություն է: Օրը խորհրդանշում է նաև Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը՝ որպես մայրական բերկրանքի, ընտանեկան ջերմության, հոգատարության և սիրո գեղեցիկ խորհուրդ:
Դուք հերոսներ ծնած, հայրենասիրական գաղափարներով տոգորված որդիների մայրեր եք: Եվ մեր յուրաքանչյուր խաղաղ լուսաբացը ձեր նվիրումի, կամքի ու ոգեղեն ուժի արտացոլումն է: Դուք ոգեշնչում եք և ապրեցնում, դուք անխորտակելի հենարան, կրակը վառ պահող օջախ եք ձեր ընտանիքներում, իսկ պետությունը զորավոր է, եթե ամուր ու առողջ է իր հասարակական բջիջը՝ ընտանիքը:
Մաղթում եմ ձեզ գեղեցիկն ու բարությունը մշտապես զգալու և արարելու կամք ու զորություն, շնորհակալ եմ ձեր հոգեթով սիրո և կենաց լույսն անմար պահելու համար: Ձեզ և ձեր ընտանիքներին ցանկանում եմ բարօրություն, սեր և խաղաղություն:
Խոնարհումս ձեզ …»:
Կարծիքներ