Վերանորոգվել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի համայնքների դպրոցները
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ համայնքների մի քանի դպրոցներ և ծանոթացել արդեն ավարտված աշխատանքներին։ Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ մեկ տարի առաջ մեկնարկել էին Այգեպարի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները: Մարզպետն արդեն գնահատել է արդյունքները։
«Անցած տարի առանձնացրել էինք երկու ուղղություն՝ առաջինը՝ դպրոցներում ջրի և սանհանգույցի առկայությունը, երկրորդը՝ ջեռուցման առկայությունը։ Այդ խնդիրները մենք լիարժեք լուծել ենք»,- նշել է Հայկ Չոբանյանը: Չինարի և Մովսես համայնքների միջնակարգ դպրոցներում մարզպետը ծանոթացել է կատարված բարեկարգման աշխատանքների հետ։ Նրա խոսքով, Չինարիի դպրոցն ամբողջությամբ լուծել է իր սանիտարական խնդիրները, որի մեջ մտնում է նաև ջեռուցումը, ըստ էության՝ դպրոցն առաջին անգամ կենտրոնացված ջեռուցում ունի։ Վերանորգվել են նաև դասարաններ, առանձին սենյակներ, գրադարանը և սանհանգույցները:
«Քայլ առ քայլ մենք պետք է դպրոցները բերենք բովանդակային և էսթետիկ առումով որոշակի մակարդակի, ինչը կնպաստի մեր կողմից թիվ մեկ առաջնայնություն համարվող կրթության ոլորտում որակական, էական փոփոխություններ իրականացնելուն»,- ավելացրել է Հայկ Չոբանյանը:
Կարծիքներ