ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Լարսը փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
«Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքի, Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն, Բերդաշեն-Աշոցք ավտոճանապարհները և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։
Սարավան-«Զանգեր» հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Աշոցք-Բավրա-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի մարզում, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կարծիքներ