ՀՀ-ն հետ կընդունի Բուլղարիայից, Բենիլյուքսից և Գերմանիայից եկող անօրինական միգրանտներին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Բուլղարիայի, Բենիլյուքսի և Գերմանիայի հետ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին համաձայնագրի վավերացմանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է անօրինական միգրացիայի դեմ պայքարը խիստ կարևորվում է, և արձանագրությունների վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ գործակցության ընդլայնման վրա:
Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին կողմերին անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտման մասին ծանուցելուց հետո։
«Հայաստանի համար կարևոր են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Բելգիայի հետ հարաբերությունները, քանի որ ամենաշատ հետընդունումն իրականացվում է այս երկրներից։ Մասնավորապես, եթե 2017-18-ին Գերմանիայի հետ Հայաստանն ուներ իր քաղաքացիների հետընդունման խնդիրներ, հիմա Ֆրանսիայի հետ կան խնդիրներ»,- ասել է Ղազարյանը։
Նրա խոսքով` ռեադմիսիայի պայմանագիր Հայաստանն ունի 3 երկրի հետ` Ֆրանսիայի, Էստոնիայի և Չեխիայի։
Ղազարյանը հիշեցրել է նաև, որ 2020-ին Կառավարությունը նախատեսել է աջակցության ծրագիր երկիր հարկադիր վերադարձողների համար․ նրանց 6 ամիս տրամադրվում է 60,000 դրամ բնակվարձի փոխհատուցման համար։
Եվրոստատի համաձայն` 2017-ին և 2018-ին ԵՄ անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև Շվեյցարիայում ու Նորվեգիայում) առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ 2 անգամ՝ 6875-ից հասնելով 3525-ի: 2018-ին ԵՄ երկրներից Հայաստան են վերադարձրել 4125, իսկ 2019-ին` 3755 անօրինական միգրանտ։
Կարծիքներ