Թուրքիային հրավիրել են ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը։ Սա Եվրամիության կողմից առաջին նման հրավերն է Թուրքիային վերջին հինգ տարվա ընթացքում։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին հաստատել է միջոցառմանը Ֆիդանին հրավիրելու փաստը։
«Մենք ողջունում ենք այս հրավերը: Դա նաև նշան է այն բանի, որ ԵՄ-ն հասկանում է Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների ֆոնին: Հարաբերություններում առաջընթացի հասնելու համար կարևոր է, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր բնագավառներում ընթանան մշտական և կանոնավոր հիմունքներով և իրականացվեն կանխատեսելի ձևով», - Քեչելիի խոսքերն է մեջբերել TRT հեռուստաալիքը:
Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն օգոստոսի 29-30-ը կհավաքվեն Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը: Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր Բրյուսելում դիվանագիտական մի աղբյուր, մասնակիցները կքննարկեն Կիևին նոր ռազմական մատակարարումների հնարավորությունները՝ Կուրսկի մարզ ներխուժման արդյունքում ուկրաինական ուժերի մեծ կորուստների ֆոնին։ Թուրքիան ուկրաինական հակամարտությունում հանդես է գալիս երկխոսության օգտին և կողմերին բանակցությունների կոչ է անում։
Կարծիքներ