Արցախի նախագահը Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու միջնորդագիր է ներկայացրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի բարձրագույն կոչում շնորհելու միջնորդագիր է ներկայացրել Պաշտպանության նախարարությանը:
«Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, կարծում եմ, Արցախի Հանրապետության հռչակման տոնի լավագույն որոշումը կլինի: Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»,- գրել է նախագահը:
Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990թ.: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մարտակերտ՝ պայմանագրային ծառայության: ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում Արմենակ Ուրֆանյանը ստացել է կապիտանի կոչում, երկու անգամ ճանաչվել է հրաձգային վաշտի լավագույն հրամանատար: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հերոսաբար պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ՝ ոգեւորելով զինվորներին, կյանքի գնով պաշտպանելով դիրքը: Ոչնչացրել է թշնամու մեկ ինժեներա-հետախուզական զրահատեխնիկա և բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է տանկի արկակոծումից:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանը ետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում:
Կարծիքներ