Աղավնաձոր գյուղի մոտ մի քանի օջախներով այրվում է շուրջ 60 հա խոտածածկույթ
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին ահազանգ է ստացել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
«Ըստ նախնական տվյալների՝ մոտ 60 հա տարածքում մի քանի օջախներով այրվում է խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 16 աշխատակից և Աղավնաձոր գյուղից 50 բնակիչ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 անօդաչու թռչող սարք և ՊՆ մեկ ուղղաթիռ։
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ժամը 19։05-ի դրությամբ ուղղաթիռն իրականացրել է 8 ջրթափում։
Կարծիքներ