Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի նախագահի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը՝ հունվարի 19-ին, Կրեմլում հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։
Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է քննարկել իրավիճակը Աֆղանստանում։
«Այժմ, իհարկե, և՛ դուք, և՛ մենք մտահոգված ենք Աֆղանստանում ստեղծված իրավիճակով։ Ես կցանկանայի ձեզ հետ քննարկել այս բոլոր հարցերը, իմանալ ձեր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ»,- ասել է նա։
Պուտինը նաև ասել է, որ կցանկանար լսել Ռաիսիի դիրքորոշումը Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Ինձ համար շատ կարևոր է իմանալ ձեր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ»,- ասել է ՌԴ նախագահը։
Ռաիսին ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են մի քանի անգամ բարձրացնել տնտեսական համագործակցության մակարդակը։
«Մեր առևտրատնտեսական կապերը ստեղծված իրավիճակում, իհարկե, գոհունակություն չեն առաջացնում։ Իհարկե, մենք կարող ենք մի քանի անգամ բարձրացնել մեր առևտրատնտեսական համագործակցության մակարդակը»,- ասել է Իրանի նախագահը։
Ռաիսին բացատրել է, որ Թեհրանը ցանկանում է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լինեն համապարփակ և կայուն։ Իրանում բարեկամ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման սահմանափակումներ չկան, երկու երկրների հարաբերությունները ռազմավարական են լինելու, նշել է նա։
Նա նաև Ռուսաստանի ղեկավարին ասել է, որ Իրանը երբեք չի դադարեցնի իր զարգացումը Արևմուտքի պատժամիջոցների պատճառով։ Իրանի առաջնորդը բացատրել է, որ երկիրը ջանքեր է գործադրում պատժամիջոցների չեղարկումն ապահովելու համար։
Բացի դրանից, իրանական կողմը Ռուսաստանին է փոխանցել 20 տարի ժամկետով ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծը։
Նախագահների բանակցություններն ընթանում են ձվաձև սեղանի շուրջ։ Զրույցի ընթացքում Պուտինը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը «Քովիդի ծանր ժամանակներում» Մոսկվա այցելելու համար։
«Ձեր երդմնակալությունից անմիջապես հետո մենք ձեզ հետ մշտական կապի մեջ ենք։ Բայց, իհարկե, ո՛չ տեսակոնֆերանսները, ՛չ հեռախոսային խոսակցությունները չեն կարող փոխարինել գոնե այս, այնուամենայնիվ, անձնական հաղորդակցությանը»,- ասել է ՌԴ նախագահը։
Այն, որ Պուտինը բանակցություններ է վարելու իրանցի գործընկերոջ հետ, հայտնի էր դարձել հունվարի 16-ին։
2021 թվականի նոյեմբերի 16-ին Պուտինը և Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Աֆղանստանում։ Բացի դրանից, նախագահներն անդրադարձել են երկկողմ համագործակցության թեմային։
Զրույցի շրջանակներում նշվել է, որ մեծապես ռուս-իրանական համակարգված ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել պահպանել Սիրիայի պետականությունը և վերացնել միջազգային ահաբեկչության հիմնական օջախը։
Ռաիսին Իրանի նախագահ է դարձել 2021 թվականի հունիսի 18-ին երկրում տեղի ունեցած ընտրություններից հետո։ Ընտրողների 48,8 տոկոս մասնակցությամբ նա հավաքել է 17,9 միլիոն ձայն։
Պուտինը հունիսի 19-ին շնորհավորել է Էբրահիմ Ռաիսիին հաղթանակի կապակցությամբ։ Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ կառուցողական համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև միջազգային հարցերի շուրջ փոխգործակցության համար՝ նշելով, որ դա բխում է երկու երկրների շահերից։
Կարծիքներ