Պատգամավորները կառավարությանն առաջարկել են վերանայել դեղերի նկատմամբ ԱԱՀ կիրառումը
Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները կառավարությանն առաջարկել են վերանայել դեղերի նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի բարձրաձայնած մտահոգությանը, որ դեղերի գները Վրաստանում ավելի ցածր են, քան Հայաստանում:Դանիելյանը նշեց՝ եթե անհրաժեշտ է, Հայաստանն էլ պետք է ազատվի դեղերի ԱԱՀ–ից:
«Այդ հարց լրջորեն քննարկվում է: Մենք կառավարությանն առաջարկել ենք վերանայել: Եվ, եթե կարիք լինի, հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ»,–ասաց Լուսինե Բադալյանը՝ հավելելով, որ կառավարությունն այս պահին քննարկում ԱԱՀ–ն վերանայելու հարցը:
Ըստ պատգամավորի՝ շատ մանրուքներ կան, որոնց ուշադրություն դարձնելով, վերահսկողություն սահմանելով, օրենքները փոխելով, կարող են որոշակիորեն վերահսկել դեղերի գները:
Կարծիքներ