Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը

Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նման առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան, ով հայտնեց, որ օգոստոսի 7-ը ասորիների ցեղասպանության հիշատակի օրն է:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի հետ Օսմանյան պետության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան նաև կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունները՝ օսմանահպատակ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:
Ասորիների կոտորածներն ու տեղահանությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան 1915 թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին, տարբեր հաշվարկներով խլեցին 500 -750 հազար մարդու կյանք:

2007 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հույների և ասորիների կոտորածները որակեց որպես Ցեղասպանություն:
Առ այսօր մի շարք երկրներ և պետությունների նահանգային իշխանություններ դատապարտել են ասորիների ցեղասպանությունը:

2015 թ. մարտի 24-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարությամբ ճանաչվեց և դատապարտվեց նաև ասորիների ցեղասպանությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում