Պուտինը հայտարարել է, որ անհնար է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել առանց Ռուսաստանի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած բոլոր դժվարություններին, քաղաքական իմաստություն են ցուցաբերել, երբ որոշում են կայացրել դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ այնուամենայնիվ, դեռևս կարևոր ասպեկտներ կան, այն է՝ պետք է ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման պայմաններ:
«Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ձեռք բերված պայմանավորվածություններն ընդունեն որպես երկարաժամկետ և երկու կողմերից էլ գնահատեն առավելությունները, ուզում եմ ընդգծել` խաղաղ գոյակցությունը։ Իսկ դրանում բոլորը շահագրգռված են», – նշել է Պուտինը։
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը՝ հիմնվելով խորհրդային շրջանի քարտեզների վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում, կարծում է ՌԴ նախագահը։
«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակը կարգավորելն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության, ոչինչ անել հնարավոր չէ։ Այստեղ նույնիսկ մեզ, թերևս, ոչ ոք այլևս պետք չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից։ Ինչո՞ւ։ Այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ են։ Այո, քանի որ քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել խորհրդային շրջանում միութենական հանրապետությունների միջև սահմանը, Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբում են։ Այնտեղ կան բաներ, որոնք պահանջում են նաև փոխադարձ փոխզիջումներ․ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ փոխանակել ինչ-որ բան։ Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին», – նշել է Պուտինը։
Կարծիքներ