Առաջիկա օրերին «3+2» ֆորմատի նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու. Փաշինյան
Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեզ համար պետք է լինի նպատակ, որին հեշտ չէ հասնել: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ ասում ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք հայտարարում, այնպես չէ, որ մի գործողությամբ խաղաղ զարգացման դարաշրջանը պետք է ստեղծվի: Մենք միասին պետք է կրենք այդ պատասխանատվությունը: Հանրային կոմունիկացիայում գուցե այդքան ակտիվ չենք, ինչքան պետք է լինենք, բայց, մյուս կողմից, քանի որ իրավիճակը շատ զգայուն է, այդտեղ առաջին հերթին առաջնորդվում ենք չվնասելու սկզբունքով»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ նաև «3+3» ձևաչափին:
«Առիթ ենք ունեցել մի քանի անգամ հայտարարելու, որ «3+3» ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում: Այդ հարցը մենք քննարկել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ: Ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակետը: Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում՝ դեկտեմբերի 10-ին, «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի նման հանդիպում է տեղի ունենալու: Այո՛, ՀՀ-ն մասնակցելու է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ