Կալյուրանդը Եվրամիությանը կոչ է արել հստակ արձագանքել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ուժի կիրառմանը

Կալյուրանդը Եվրամիությանը կոչ է արել հստակ արձագանքել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ուժի կիրառմանը

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունը ներկայացրել է Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հայտարարությունը Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ.

«Խստորեն դատապարտում եմ երեկ գիշեր Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքի բազում թիրախների վրա։ Արձանագրվել է ինտենսիվ հրետակոծություն և ԱԹՍ հարձակումներ, որոնք թիրախավորել են հայկական Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերը և պատճառ դարձել անհայտ թվով զոհերի։

Այս նոր ագրեսիան շարունակությունն է Բաքվի՝ մարտին և օգոստոսին Լեռնային Ղարաբաղի շփման գծի հրադադարի լուրջ խախտումների։ Բաքուն օգտվել է համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակից՝ ստեղծված Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ։

Ես դիմում եմ միջազգային հանրությանը, և, մասնավորապես, Եվրոպական միությանը՝ արձագանքել այս անթույլատրելի ուժի կիրառմանը պարզորոշ պատասխանով։ Այժմ անատամ  հայտարարությունների ժամանակը չէ՝ զսպվածության կոչ անելու «երկու կողմերին»։ Դեռ երկու շաբաթ առաջ Ադրբեջանը և Հայաստանը Բրյուսելում համաձայնեցին սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը մեկ ամսվա ընթացքում։ Ես հորդորում եմ Բաքվին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը և վերադառնալ բանակցային սեղան՝ առանց հապաղելու»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում