Դատարան է ուղարկվել պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու վերաբերյալ առաջին քրեական գործը

Դատարան է ուղարկվել պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու վերաբերյալ առաջին քրեական գործը

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ Hetq.am-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020 թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ, որտեղ կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորրվել էր, որ Հ. Դ.-ն, 2018 թ. հունիսի 20-ից մինչև 2019 թ. հունվարի 14-ը հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018 թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև  2019 թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները:

Մասնավորապես՝ հայտարարագրերում չեն արտացոլվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 107,134,8 քմ մակերեսով և 7.1 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով համատեղ սեփականության իրավունքով բնակարանը, Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանոող 600.000 ՀՀ դրամով ձեռք բերված, 190.560 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 1,92 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 741,4 քմ մակերեսով կիսակառույց տնից, 0,051 հա տնամերձ հողամասից բաղկացած, ավելի քան 38 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 700.000 ՀՀ դրամով ձեռք բերված իրեն և կնոջը համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 299.815 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 200.000 ՀՀ դրամով ձեռք բերված՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն և կնոջը պատկանող 0,048 հա տնամերձ հողամասը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական  համայնքում գտնվող 1.7մլն ՀՀ դրամով ձեռք բերված  և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,1262 հա հողամասը, նույն համայնքում գտնվող 500.000 ՀՀ դրամով ձեռք բերված և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0676 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը։

Հ. Դ.-ն չի հայտարարագրել նաև պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ երկու բանկում իր անվամբ բացված դրամային հաշվներին ունեցած շուրջ 1.9 մլն ՀՀ դրամը։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Ա.Դ-ն ևս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ և ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում իր գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018 թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է տվյալ հարկային տարում՝ 2018 թ. նոյեմբերի 6-ին, 4.9 մլն ՀՀ դրամով Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող, 0․0214 հա հողամասը ձեռք բերելու և դրա նկատմամբ իր և մեկ այլ անձի համատեղ սեփականության իրավունքը գրանցելու մասին տվյալը։

Նույն հայտարարագրում Ա. Դ.-ն չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW X6 5.0 IX մակնիշի, 2009 թ. թողարկման ավտոմեքենան 2018 թ. նոյեմբերի 11-ին 4 մլն ՀՀ դրամով  վաճառելու մասին տվյալը, բանկում ունեցած վարկային գծով բանկի առջև հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ ունեցած 2493 ԱՄՆ դոլարի չափով պարտավորությունը, նույն բանկում ունեցած «Ապառիկ տեղում վճարված ֆակտորինգ» տեսակով պարտավորությունները, որոնք հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ կազմել են ընդհանուր շուրջ  1 մլն ՀՀ դրամ։

Հայտարարագրման ենթակա նշված անշարժ գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ տվյալները թաքցնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով, այն է՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքով գույքերի չհայտարարագրմանը։

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Հ.Դ.-ին և Ա.Դ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2021 թ. ապրիլի 16-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործից նրանց վերաբերյալ գործի մասն անջատելու մասին, որով հայտարարվել է նախաքննության ավարտ:

2021 թ. ապրիլի 28-ին քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում