Հենց քաղաքացին է ՀՀ-ի ժողովրդավարության առանցքային երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

Հենց քաղաքացին է ՀՀ-ի ժողովրդավարության առանցքային երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

Երևանում մեկնարկել է Ժողովրդավարության հայկական ֆորումը: «Իրազեկ քաղաքացիների միավորման» և Freedom House-ի նախաձեռնած համաժողովը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշել՝ ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային բրենդն է, և Հայաստանը ճիշտ վայր է ժողովրդավարության ֆորում անցկացնելու համար:

«Ժողովրդավարությունը ՀՀ միջազգային հիմնական բրենդն է: Սովորաբար ՀՀ-ում այս պնդումն անելիս ես հղում եմ անում միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցներին, բայց քանի որ այստեղ այդ հրապարակումների, զեկույցների հետ առնչություն ունեցող բազմաթիվ մարդիկ կան, ես հիմա ուզում եմ հարցին նայել հակառակ կողմից, որովհետև զեկույցները կարևոր են, բայց ամենաէականը չեն:

Ուզում եմ արձանագրել, որ եթե Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելիս հղում եմ անում միջազգային կազմակերպությունների զեկույցներին, հիմա ուզում եմ ժողովրդավարության մասին խոսելիս հղում անել ՀՀ քաղաքացուն:

Հայաստանում ժողովրդավարության կարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է: Հենց քաղաքացին է ՀՀ-ի ժողովրդավարության առանցքային երաշխավորը: Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, ինքը որոշում կայացնող հիմնական ու առանցքային սուբյեկտն է այնպես, ինչպես նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում