Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա 100 000 դեղաչափ նոր պատվաստանյութ. նախարարի հարցազրույցը

Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա 100 000 դեղաչափ նոր պատվաստանյութ. նախարարի հարցազրույցը

Հայաստանը դիտարկում է կորոնավիրուսի դեմ այն բոլոր պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորությունը, որոնք համապատասխանում են չափանիշներին, ստացել են անհրաժեշտ արտոնագիրը.  միայն գինը չէ չափանիշը, որով ընտրություն է կատարվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ պատվաստանյութն անհրաժեշտություն է, ոչ թե շքեղություն:  

-Տիկին նախարար, Ձեր վերջին ասուլիսում նշել էիք Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութի մասին, խմբաքանակը ե՞րբ կգա Հայաստան, ի՞նչքան դեղաչափ: Այս պատվաստանյութով պատվաստման համար ի՞նչ տարիքային շեմ է ընտրվելու, ունե՞ք մշակած քաղաքականություն: Խոսել էինք նաև ամերիկյան Novavax-ի ձեռքբերման հնարավորության մասին, այն ե՞րբ կստանանք: 

-Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում այն արդեն Հայաստանում կլինի՝ 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է: Իսկ Novavax-ի ժամանման մասին այս պահին դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, սակայն նախնական համաձայնությունն ունենք: Ընթացքում արդեն կկոնկրետացվեն ժամկետները, քանակները:
 

-Ազգային ժողովում հնարավոր էիք համարել, որ 1 տարվա ընթացքում կպատվաստվի բնակչության մինչև 20 տոկոսը, ինչո՞ւ 20 տոկոս, քանի որ այդ չափով պատվաստանյութ կկարողանաք ձեռք բերե՞լ, թե՞ կարծում եք, որ պատվաստվելու ցանկություն հայտնողներն այդքան մեծ չեն լինի: 

-Բոլոր երկրներն էլ ընտրում են առաջնահերթություններ և իրենց համար դնում են ռիսկի խմբի ամբողջ պատվաստման նշաձողը, բայց միանշանակ կախված է նաև դիմելիությունից, պատվաստանյութի հասանելիությունից, որովհետև մենք չենք կարող ասել, թե այլ երկրներում ինչպիսին կլինի համաճարակային իրավիճակը, օրինակ` Հնդկաստանում այս պահին իսկապես շատ լուրջ իրավիճակ է: Դրա համար ընդհանուր պատվաստանյութերի բաշխման վերաբերյալ շատ դժվար է կանխատեսումներ անել: Եվ մենք կարծում ենք, որ իմ կողմից հնչեցված մինչև 600-700 հազար բնակիչներին պատվաստելու արդյունքում և հաշվի առնելով, որ երեխաները պատվաստման շրջանակից դուրս են, և այն անձինք, որոնք նաև մասնավոր հիմունքներով կպատվաստվեն, մենք կունենանք հանրային իմունիտետի բավարար շեմը: Միանշանակ կշարունակվեն պատվաստումները, բայց արդեն բավարար շեմ կունենանք՝ ավելի հանգիստ ապրելու համար: 

-Տիկին նախարար, AstraZeneca-ի օգտագործման ժամկետը մայիսի վերջին լրանում է: Կհասցնե՞նք մինչև ժամկետի ավարտը սպառել արդեն ձեռք բերված խմբաքանակը, եթե ոչ, ապա ի՞նչ պետք է արվի այդ պատվաստանյութերի հետ, նոր ժամկետով պատվաստանյութերի հետ փոխանակման հնարավորություն կա՞:

-Բոլոր պատվաստանյութերն էլ ունեն բավական կարճ օգտագործման ժամկետ, գրեթե բոլորինն էլ մինչև 6 ամիս է: Արտադրությունից սկսած մինչև հասնում է վերջնական սպառողին, 1-3 ամիսն այն բավարար ժամկետն է, որի համար այս պահին երկրները կարողանում են պատվաստանյութ ձեռք բերել: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որ համակարգն ամբողջովին պատրաստ լինի պատվաստման գործընթացն իրականացնելու: Մենք տանում ենք նաև տեղեկատվական արշավներ, փորձում ենք ամեն կերպ հասարակությանը ներկայացնել պատվաստումների դրական արդյունքների կարևորությունը և որ պատվաստանյութն իսկապես կյանք փրկող միջոց է: Մեծ հույս ունենք, և զգում ենք, որ քաղաքացիների ակտիվության տեմպն ավելանում է: Ճիշտ է, բավարար չափով չէ, ինչ մենք ակնկալում էինք, կցանկանայինք, որովհետև, ցավոք, շատ մեծ հակաքարոզչություն է վարվում և փորձ է արվում կորոնավիրուսի, պատվաստումների, բժշկական օգնության հարցը տանել քաղաքական դաշտ, ինչը ճիշտ չէ: Սակայն նշեմ, որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ: 

Նոր խմբաքանակի հետ փոխանակելու հնարավորություն չունենք: Եվ այս պարագայում որևէ կանխատեսում անելն ուղղակի անհնար է: Ազգային իմունիզացիայի ծրագրով, երբ անում ենք երեխաների պատվաստում, պատվաստանյութերի գնման գործընթացների համար կարողանում ենք հստակ պլանավորում իրականացնել, թե ինչքան են սպառելու տարվա ընթացքում: Դա վերաբերում է նաև գրիպի պատվաստանյութին, քանի որ տարիների ընթացքում արդեն իսկ կիրառված որոշակի փորձ, տեղեկատվություն կա: Բայց այս պարագայում որևէ ձևով գնման պլանավորում իրականացնելը գրեթե անհնար է: Մենք ունենք նշաձող, և որպես լիազոր մարմին՝ հանձնառություն ենք վերցրել հնարավորինս, մաքսիմալ քաղաքացիների ապահովել պատվաստանյութով, բայց նաև դա կամավոր բնույթ կրող գործընթաց է:

- AstraZeneca-ի առկա խմբաքանակի ժամկետի ավարտից հետո, սակայն, ձեռք կբերե՞նք այս պատվաստանյութի ևս մեկ նոր խմբաքանակ: 

-Սա առաջին դեղաչափն է, և միանշանակ, այն անձինք, որոնք պատվաստվում են, պետք է ստանան նաև երկրորդ դեղաչափը: Եվ պետք է ստանանք նաև երկրորդ դեղաչափը, որպեսզի ապահովենք գործընթացը:

-Երբ աշխարհում սկսեցին պատվաստանյութեր մշակել, Հայաստանում մեծ հույսեր էինք կապում հատկապես մեր հայրենակցի՝ Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի մշակման աշխատանքների հետ: Այս պահի դրությամբ դեռևս չունենք  Moderna պատվաստանյութ, այն անհամեմատ ավելի թանկ արժե, սակայն կա՞ն պլաններ դա ձեռք բերելու, հնարավո՞ր է կարողանանք ինչ-որ արտոնություն ստանալ:

-Այն ոչ միայն թանկ է, այլև պահպանման պայմաններն են բացարձակ այլ: Իհարկե, ոչ միայն պատվաստանյութի ձեռքբերման արժեքը պետք է վճարվի, այլ նաև մեր ամբողջ իմունիզացիոն ենթակառուցվածքը պետք է փոխվի, որ կարողանանք ապահովել: Միանշանակ, մենք միշտ ակտիվ կապի մեջ ենք, և փորձում ենք և Pfizer-ի, և  Moderna-ի, և այլ պատվաստանյութերի ընթացիկ առաջարկները դիտարկել, տեսնել, գնահատել: Բայց, պատվաստանյութն անհրաժեշտություն է և ոչ թե շքեղություն: Ուստի, եթե կա որևէ դեղամիջոց, որը խնդիրը լուծում է, և դա մենք ունենք, ապա պետք է անենք այն, ինչ ունենք, որովհետև մեր նպատակին այն լիովին համապատասխանում է, տալիս է լուծումը: Եվ շատ լավ է, որ այս պահին առկա է Հայաստանում:

-Հասարակության շրջանում կա նաև վստահության խնդիր, շատերը կարծում են՝ եթե թանկ է, ուրեմն լավն է: Պատվաստանյութերի դեպքում չկա՞ գին-որակ կապը:

-Պատվաստանյութերն անցնում են շատ խիստ վերահսկողական մեխանիզմներով, մինչև որ հասնեն քաղաքացուն: Այն պատվաստանյութերը, որոնք հաղթահարել են բոլոր այդ էտապները և ստացել են արտոնագիրը, ունեն բավարար անհրաժեշտ որակական չափանիշները, անվտանգ են, որակյալ են, արդյունավետ են: Այս երեք կարևոր չափանիշն ամբողջությամբ ապահովված է: Ուստի միանշանակ այն պատվաստանյութերը, որոնք ձեռք ենք բերում այս պահին,  տարբեր գնային կատեգորիաների են պատկանում, և միայն գինը չէ մեր չափանիշը, որով ընտրում ենք: 

-Այսինքն կարո՞ղ ենք համարել, որ դիտարկում եք բոլոր պատվաստանյութերի ձեռքբերումը:

-Այո, այն պատվաստանյութերը, որոնք համապատասխանում են որակի չափանիշներին, որոնք ստացել են միջազգային մասնագիտական կառույցների հավանությունը, և մեր երկրում էլ ստացել են թույլտվության արտոնագիրը, ապա դրանք դիտարկվում են: 

-Տիկին Ավանեսյան, եթե վիրուսի տարածման նախնական շրջանում ավելի հեշտ էր մարդկանց համոզել դիմակ կրել, երբ դեռ շատերը չէին վարակվել, իմունիտետ չունեին, ապա հիմա շատ ավելի դժվար է թվում, շատերը չեն դնում՝ պնդելով, որ իմունիտետ ունեն, բացի այդ շատերն էլ արդեն հոգնել են դիմակներից, ոստիկանությունն էլ  գրեթե չի տուգանում: Ի՞նչ պետք է անել, որ մարդիկ նորից խստորեն սկսեն հետևել դիմակի կրման կանոններին:

-Այո, մի կողմից բոլորս հոգնել ենք, իսկապես նախորդ տարին ծանրագույն տարի էր մեր բոլորի համար: Եվ այս մարտահրավերը, որն անցյալ տարվանից սկսվեց, միանշանակ սկզբում շատ ավելի սուր էր ընկալվում, ու մարդկանց զգոնության մակարդակն էլ բարձր էր: Բայց մենք հոգնենք-չհոգնենք հիվանդությունից, այն մեզնից չի հոգնել և նույն տեմպով մեր սիրելիներին է հիվանդացնում, ցավոք սրտի, նաև մահեր ենք գրանցում: Ուստի, ինչքան էլ դժվար է, անհարմար է, բայց այն ամենաքիչ արժեք ունեցող, հեշտ միջոցն է, որը պաշտպանում է՝ և մեզ, և մեր հարազատներին: Այո, իմունիտետի պարագայում՝ հիվանդանալու, պատվաստելու արդյունքում մարդիկ ավելի պաշտպանված են, բայց մենք պետք է մտածենք ոչ միայն մեր, այլ նաև մեր հարազատների մասին, դիմացինի մասին: Ամբողջ աշխարհն է այս վիճակում, և որ ազգը, որն ավելի կարգապահ է, զգոն է, այս անհավասար մարտում պետք է հաջողություն գրանցի:

-Նախարարությունն առաջիկայում կառաջարկի՞, որ դիմակի կրման պահանջի խստացումներ լինեն:

-Ես բազմիցս հնչեցրել եմ  և միջգերատեսչական հանձնաժողովներում, և իմ կողմից ամեն կերպ այս կարևոր մեսիջը փոխանցվում է: Փակ տարածքներում առանձնակի ձևով միանշանակ պետք է դիմակների կրումը պահպանել, շարունակել:

-Առաջիկայում ընտրություններ են սպասվում, դրան ընդառաջ քարոզարշավ, այսինքն՝ բազմամարդ հավաքներ, ռիսկ տեսնո՞ւմ եք, որ կրկին թվերի կտրուկ բարձրացում կլինի, և ինչպե՞ս եք պատկերացնում ընտրությունների կազմակերպման գործընթացը ընտրատեղամասում, կսահմանվե՞ն հատուկ չափորոշիչներ:

-Այո, դիտարկվում են, թե ընտրական պրոցեսներն ինչպես պետք է կազմակերպվեն, որ ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասցվեն: Թվերի աճը կախված կլինի մեր վարքագծից, եթե մենք պահպանենք դիմակների կրման պահանջը, պատվաստման գործընթացն ակտիվ կերպով շարունակվի, ապա կնպաստենք, որ թվերի հետագա աճ չունենանք: Եթե ռիսկի խմբից եք, ապա անպայման գնացեք, պատվաստվեք, որպեսզի կանխարգելեք, ձեր առողջությունը, կյանքը պաշտպանեք ու փրկեք: Իսկ նրանց համար, որոնք ռիսկի խմբից չեն, դիմակների կրման կանոնի պահպանումն այն լավ միջոցն է, որը պաշտպանում է:

-Հայկական թեստերի արտադրությունը շարունակվո՞ւմ է, օգտագործվո՞ւմ են այդ թեստերը: 

-Հայկական թեստերի արտադրության պրոցեսը կազմակերպվեց Մոլեկուլյար կենսաբանության կենտրոնի կողմից՝ կառավարության և մեր աջակցության շնորհիվ: Եվ մենք ստացանք այն ժամանակ խիստ անհրաժեշտ պրոդուկտ, բայց ինստիտուտը գիտական կենտրոն է, և այն ստանալով պրոդուկտը, այնուհետև մի շարք առաջարկներ էր արել արտադրական ընկերություններին, որպեսզի նրանք վերցնեն այդ մշակված պրոդուկտը և ապահովեն հետագա մասսայական արտադրությունը: Այս պահին ինֆորմացիա չունեմ, թե արդյոք մեր արտադրողները գտել են սպառման համար շուկաներ, միայն Հայաստանի շուկան բավարար չէ: Բայց վստահ եմ, որ այս լավ օրինակը՝ միահամուռ կերպով գիտական մտքի և պետական աջակցության, շատ լավ արդյունք տվեց, որը պետք է հետո մասնավոր արտադրությունները վերցնեն և շարունակեն:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Տեղեկանք. Ապրիլի 26-ին Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը): 

Մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան էր ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ  «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ  ապրիլի 8-ին ներկրվել էր «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։  

COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում ռիսկի խմբում գտնվող անձանց համար` շաբաթվա բոլոր օրերին։

ՀՀ-ում ինչպես բոլոր, այնպես էլ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում