Լա Պալմա կղզում հրաբխի ժայթքման սկզբից ի վեր ամենաուժեղ երկրաշարժն է գրանցվել
Իսպանիայում՝ Կանարյան արշիպելագի Լա Պալմա կղզում, այսօր՝ նոյեմբերի 3-ի առավոտյան, տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ՝ ամենահզորը Կումբրե Վիեխա հրաբխի ժայթքման սկզբից ի վեր, գրում է El Mundo-ն։
Ընդհանուր առմամբ, անցած գիշեր գրանցվել է ավելի քան 40 ցնցում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 35 կիլոմետր խորության վրա՝ Վիլա դե Մասոյի մոտ, հայտնում է Իսպանիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտը (IGN):
Նշվում է, որ վերջին օրերին գրանցված մոխրի ուժեղ արտանետման պատճառով տեղի օդանավակայանի աշխատանքը բարդացել է։ Օդի որակի վատթարացման պատճառով դպրոցներում դասերն անցկացվում են առցանց։ Մի շարք թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս քիչ մնալ դրսում։
Վերջին տվյալներով՝ լավան ծածկել է 988 հեկտար տարածք՝ ավերելով 2,6 հազար տուն։
Կղզում Cumbre Vieja հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ին։ Շուրջ յոթ հազար մարդ տարհանվել է։
Կանարյան կղզիներում հրաբխի մոխիրը ծածկել է տներ և ծառեր։
Մինչդեռ ժայթքող հրաբուխը հազարավոր զբոսաշրջիկների է գրավել Լա Պալմա։ Կղզու մայրաքաղաքի և դիտահարթակի միջև ընթացող տուրիստական ավտոբուսների հերթում կարող եք սպասել ավելի քան մեկ ժամ, իսկ մոտակա ճանապարհների ճամփեզրերը կայանված են մեքենաներով, դժվարանցանելի է երթևեկությունը:
Կարծիքներ