Բաքվում պահվող ԼՂ նախկին բարձրաստիճան ղեկավարների շինծու մեղադրանքներով քրեական գործերը կփոխանցվեն դատարան
Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ադրբեջանական լրատվամիջոցներից: Տեղական ԶԼՄ-ների հետ զրույցում Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը նշել է, որ գործերի քննությունն ավարտվել է։
«Այս պահին մեղադրյալները, փաստաբաններն ու տուժողները ծանոթացել են քրեական գործի նյութերին: Ծանոթացման փուլի ավարտից հետո մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան»,-ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։
Ադրբեջանը ևս հինգ ամսով երկարաձգել էր Բաքվի բանտում անօրինական կերպով պահվող Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի, երրորդ նախագահ Բակո Սահակյանի, չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԼՂ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի կալանքների ժամկետները:
Կարծիքներ