Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում հրատապ լուծում պահանջող խնդիրներ կան. Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում, որտեղ ընթացել է 2022 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, զրուցել օլիմպիադայի ռուսաց լեզվի առարկայական հանձնաժողովի անդամների հետ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է մարզպետը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Աշխատանքային հերթական այցով եղա Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանի ուղեկցությամբ շրջեցի նաև դպրոցի նախակրթարանում, դասասենյակներում, ծանոթացա առկա պայմաններին, հաճախումներին, դասասենյակներում նորմալ ջերմաստիճանի ապահովմանը, հակահամաճարակային կանոնների պահպանմանը, դիտարկեցի դպրոցի ճաշարանում, մարզադահլիճում և հանդիսությունների դահլիճում առկա պայմանները:
Տնօրենը ներկայացրեց դպրոցի տնտեսված միջոցների հաշվին նախորդ տարի իրենց կողմից իրականացված ներքին հարդարման որոշակի աշխատանքներ:
Խոսվեց դպրոցում որոշ դասաընթացների կազմակերպմանը խոչընդոտող մի շարք խնդիրների մասին, որոնք, ըստ տնօրենի, ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն:
Դպրոցում զգացվում է համակարգիչների, դպրոցի միջանցքներում պատուհանների թարմացման և ջեռուցման ապահովման, մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի հիմնանորոգման, համապատասխան գույքի ձեռքբերման անհրաժեշտություն:
Այնուհետ այցելեցի Գավառի Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց, որտեղ տնօրեն Գայանե Մկրտչյանի ուղեկցությամբ շրջեցի դպրոցի դասասենյակներում, մարզադահլիճում, ճաշարանում, ծանոթացա դասընթացների անցկացման համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների հագեցվածությանը, դպրոցականների սննդի կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին, ջեռուցման և շենքային պայմաններին:
Այստեղ մտահոգող խնդիրն, ըստ տնօրենի, կապված է դպրոցական շենքի տարածքի և աշակերտների թվի անհամատեղելիության հետ: Չնայած դասընթացների երկհերթ կազմակերպմանը, այդուհանդերձ, դպրոցն ունի կից կառույցի խիստ անհրաժեշտություն:
Երկու դպրոցներում էլ կատարած շրջայցի արդյունքները դրական էին։
Հնարավորության դեպքում միջոցներ կներգրավենք և կաջակցենք տեղում բարձրացված խնդիրների կարգավորմանը»:
Կարծիքներ