Նախկին նախագահներին բանավեճի օր ու ժամ առաջարկված չի եղել. վարչապետի խոսնակը պարզաբանել է
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ իր մոտ քովիդ է ախտորոշվել, և չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, մինչև օրվա վերջ էլ որոշում կկայացնեի դեկտեմբերի 26-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ վարչապետը քովիդի թեսթ հանձնել է օտարերկրյա ուղևորությունից առաջ:
«Սա տեղի է ունենում բոլոր դեպքերում, երբ հյուրընկալող երկրում համապատասխան արարողակարգ և/կամ ընթացակարգ է սահմանված»,- ասել է նա:
Անդրադառնալով շահարկումներին, թե ինչպե՞ս է վարչապետը նախկին նախագահներին բանավեճի հրավիրել, երբ իմացել է, որ վարակված է, Բաղդասարյանը պարզաբանել է. «Նախկին նախագահներին բանավեճի օր և ժամ առաջարկված չէր, և նրանց համաձայնության պարագայում, բնականաբար, դա պիտի համաձայնեցվեր լրացուցիչ»:
Կառավարության ղեկավարի մամուլի խոսնակը նաև հավելել է, որ վարչապետ Փաշինյանը քովիդ թեստի դրական արդյունքի մասին տեղեկանալու պահից մեկուսացել է, և որևէ առերես աշխատանքային շփում չի ունեցել:
«Այսօր էլ վարչապետը առերես աշխատանքային շփումներ չի ունեցել և սպասում է թեսթի բացասական արդյունքի վերահաստատմանը, որից հետո միայն կվերականգնի շփումները առերես ձևաչափով»,- ասել է նա:
Կարծիքներ