Շրջափակման հետևանքով Արցախում դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, 3717 բնակարանի շինարարական աշխատանքները

Շրջափակման հետևանքով Արցախում դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, 3717 բնակարանի շինարարական աշխատանքները

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 107-րդ օրվա տեղեկագիրը:  

Օրվա վիճակագրական թարմացումներ

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 950 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 215 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձ, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 186 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (107 օրվա ընթացքում մարդկանց 262 150-ի փոխարեն՝ 1408 մուտք և ելք):

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաների շարժը գրեթե 45 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (107 օրվա ընթացքում 98 440-ի փոխարեն՝ 2207 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից):

Շուրջ 11 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (107 օրվա ընթացքում մոտ 42,800 տոննայի փոխարեն՝ 3771 տոննա):

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 41 օր շարունակ ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 78 օր շարունակ: Դա հանգեցրել է օրական վեցժամյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

782 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 18,3 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9800 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ 

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանի, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 22 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում