ԱՄՆ հատուկ ծառայությունները սպանել են ԻՊ առաջնորդ ալ-Քուրեյշիին

ԱՄՆ հատուկ ծառայությունները սպանել են ԻՊ առաջնորդ ալ-Քուրեյշիին

ԱՄՆ հատուկ ծառայությունները Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացրել են վերջին 2 տարվա ընթացքում ամենալուրջ գործողությունն իսլամական ֆունդամենտալիստների դեմ։ Ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ Ալ-Հաշիմի ալ-Քուրեյշիին՝ «շնորհիվ ամերիկյան զինված ուժերի հմտության և խիզախության»։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ալ-Քուրեյշին «Իսլամական պետության» խալիֆ էր հայտարարվել 2019 թվականի աշնանը՝ Աբուբաքր ալ-Բաղդադիի մահվանից անմիջապես հետո, որը նույնպես սպանվել էր ամերիկացիների կողմից։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ ալ-Քուրեյշին ռումբ է պայթեցրել, որը սպանել է իրեն և իր ընտանիքի անդամներին։ Ընդհանուր առմամբ, սպանվել է 13 մարդ։ Ըստ «Սպիտակ սաղավարտ» կազմակերպության՝ սպանվել է վեց երեխա և 4 կին։ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հաղորդում է, որ 13 զոհերի մեջ եղել է 4 երեխա և 3 կին։ 1 վիրավոր աղջիկ, որի ընտանիքի անդամները սպանվել են գործողության ընթացքում, տեղափոխվել է հիվանդանոց։ Հոսպիտալացվել է նաև մեկ տղամարդ, ով մոտեցել է շենքին, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում։

Լրատվամիջոցը հավելում է, որ հինգշաբթի կեսգիշերին ամերիկյան ուղղաթիռները վայրէջք են կատարել Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգի Աթմեհ քաղաքի արվարձաններում, որը գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ։ Ամերիկյան ուժերը դիմադրության են հանդիպել, հրաձգության են ենթարկվել մեքենաների վրա տեղադրված հակաօդային զենքերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում