Պուտինը դեկտեմբերի 19-ին կմեկնի Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ հանդիպման. հայտնի է բանակցությունների օրակարգը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 19-ին Մինսկի Անկախության պալատում բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Բելառուս։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
«Բանակցությունների ծրագիրը հագեցած կլինի: Կողմերը նախ հանդիպում կունենան ընդլայնված ձևաչափով: Բանակցություններին կմասնակցեն պետությունների ղեկավարները, ինչպես նաև երկու երկրների կառավարությունների անդամները, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները։ Այս ձևաչափով կողմերը մանրամասն կքննարկեն ռուս-բելառուսական ինտեգրման ամենահրատապ հարցերի ողջ շրջանակը», - նշված է հաղորդագրությունում։
Այնուհետև նախագահները դեմ առ դեմ հանդիպում կունենան, որից հետո, ինչպես ակնկալվում է, հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն լրագրողների հարցերին:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ բանակցային օրվա ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն մանրամասն կքննարկեն ավելի վաղ ընդունված միութենական ծրագրերի իրականացման ընթացքը։ Առաջին հերթին կքննարկվեն առևտրատնտեսական փոխգործակցության, համատեղ համագործակցային նախագծերի հարցերը՝ շեշտը դնելով ներմուծման փոխարինման վրա։ Բանակցությունների օրակարգում կարևոր թեմա կլինի էներգետիկ ոլորտում համագործակցությունը։
«Նախագահները նաև առաջնահերթ ուշադրություն կհատկացնեն անվտանգության խնդիրներին, կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ, կքննարկեն առաջացող մարտահրավերներին արձագանքելու համատեղ միջոցառումները», - հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Կարծիքներ