ԱՀ Ազգային ժողովում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցը: Ինչպես տեղեկացրեցին Արցախի ՀանրապետությանԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի, Արցախի Հանարապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանի մասնակցությամբ:
Ողջունելով ներկաներին՝ Արթուր Թովմասյանը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև անցկացված տեսակոնֆերանսի մասին՝ այդ համատեքստում կարևորելով ՀՀ արտգործնախարարի՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտության և Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության, այդ թվում նաև, ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման վերաբերյալ հնչեցրած տեսակետը:
Շնորհավորելով համապետական ընտրությունների անցկացման և դրանց արդյունքում ընտրվելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է, որ ևս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ժողովրդի՝ իր ապագան մարդու ազատության հիմնարար սկզբունքների և ժողովրդավարական համակարգի հիման վրա կառուցելու վճռականությունը:
Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը, և որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության, գործնական առումով, ռեալ առաջընթաց ամրագրելն անհնար է:
«Արցախի ժողովուրդը վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը և ամենայն պատասխանատվությամբ է կառուցում իր ապագան և իրականացնում ազատ ապրելու իր իրավունքը»,-ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև համավարակի պայմաններում բանակցային գործընթացի իրականացմանը, խորհրդարանական դիվանագիտությանը և հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Կարծիքներ