2025-ին մոտ 4 անգամ կավելանա գիտնականների աշխատավարձային ֆոնդը 2021-ի համեմատ
ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Ֆեյսբուքում գրում է.
2025թ. մոտ 4 անգամ կավելանա գիտնականների աշխատավարձային ֆոնդը 2021-ի համեմատ։ Ընդհանրապես, գիտությունն այն ոլորտներից է, որի զարգացման վրա ոչինչ չենք խնայում։ Սա զուտ խոսքեր չեն, այլ արձանագրված նպատակ ու գործողությունների ծրագիր։ Ուզո՞ւմ եք համոզվել, մինչև հոկտեմբերի 6-ը 15:00-21:00 ժամանակ գտեք ու այցելեք Ազատության հրապարակ՝ Գիտուժի կազմակերպած Գիտության շաբաթի տպավորիչ ցուցահանդեսին։ Կառավարության և բիզնեսի ֆինանսավորմամբ անցկացվող այս միջոցառմանը կտեսնեք մեր գիտնականների և ինստիտուտների նվաճումներն ու ապագա ծրագրերը։ Նախարար Zhanna Andreasyan-ի հետ այսօր ներկա եղանք ծրագրի պաշտոնական բացմանը, մեր ուղերձը հստակ է՝ չկա ու չի լինի հիմնավորված ծրագիր, որը կլինի մեր հնարավորության սահմանում ու չի ֆինանսավորվի:
Առավել հաճելի էր տաղավարներում տեսնել երիտասարդներին, որոնք մասնավորից վերադարձել էին հարազատ գիտական կազմակերպություններ և ստանում էին ամսական 500-600 հազար դրամ աշխատավարձ, նախկին 70-90 հազար դրամի փոխարեն: Աշխատավարձի շեշտակի ավելացումն իհարկե միակ պատճառը կամ բավարար պայմանը չէ, բայց այն միանշանակ կարևոր մոտիվացիաներից մեկն է։
Հ.Գ. 2021թ.-ից ի վեր կատարված փոփոխությունները՝
• Գիտնականների միջին աշխատավարձը 90,400 դրամից 2025թ. կհասնի 276,000 դրամի՝ 3 անգամ ավելացում։
• Առաջատար գիտնականների աշխատավարձերը 114,000 դրամի փոխարեն կկազմի 443,000 դրամ։
• Գլխավոր գիտնականներինը 138,000 դրամից 552,900 դրամ։
• Գիտական ծրագրերի ֆինանսավորումը 4 միլիարդից 2025թ. կհասնի 9 միլիարդ դրամի։
• Գիտնականների աշխատավարձային ֆոնդը 4 միլիարդից կհասնի մոտ 15 միլիարդի։
Շնորհակալ եմ գիտական համայնքին կառավարության այս աջակցությանը գիտությամբ արձագանքելու համար:
Կարծիքներ