Կառավարությանը լիազորություն կվերապահվի՝ հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Կառավարության 2007 թ. որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ: Սակայն դեռևս օրենքով ՀՀ Կառավարությանը տրված չէ այդ լիազորությունը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ նախագծի նպատակն է Կառավարությանը լիազորություն վերապահել՝ հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ:
«Եկեղեցիների կողմից տրված մկրտության փաստաթղթերը հիմք են հանդիսանում, որպեսզի մենք այդ հիմքով անձանց ճանաչենք որպես ազգությամբ հայ և պարզեցված կարգով տրամադրենք ՀՀ քաղաքացիություն»,- ասաց Ֆիդանյանը:
Կարծիքներ