Նախորդ տարի սպանված կանանցից 14-ն ընտանեկան բռնության զոհեր են. Բաթոյանը թվեր է հրապարակել

Նախորդ տարի սպանված կանանցից 14-ն ընտանեկան բռնության զոհեր են. Բաթոյանը թվեր է հրապարակել

«Ինչպես հիշում եք՝ 2022 թվականին կնասպանության 16 դեպք էր արձանագրվել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ դեպքերի մասին որոշ վիճակագրական տվյալներ է խնդրել ՀՀ քննչական կոմիտեից և ՆԳՆ-ից:

Ըստ Բաթոյանի՝ պաշտոնական հարցմանն ի պատասխան տրամադրված տեղեկություններից պարզ է դառնում, որ՝

կնասպանության 16 դեպքերից 14-ը ընտանեկան բռնության դեպքեր են,
դրանցից 3-ը կատարվել են տուժողի նախկին ամուսնու, 6-ը՝ ամուսնու, 2-ը՝ թոռան, 1-ը՝ որդու, 1-ը՝ զուգընկերոջ, 1-ը դստեր ամուսնու կողմից,
ընտանեկան բռնության 14 դեպքերից միայն 3-ի պարագայում է հանցագործը նախկինում հաշվառված եղել ոստիկանությունում որպես բռնություն գործադրած անձ,
դրանցից մեկի դեպքում բռնարարի նկատմամբ կիրառվել է 1 նախազգուշացում և 1 անհետաձգելի որոշում, երկրորդի դեպքում 3 անհետաձգելի միջամտության որոշում, իսկ երրորդի դեպքում՝ 6 անհետաձգելի միջամտության որոշում, (որից 4-ը` 2 ամսվա ընթացքում),
ընտանեկան բռնության հետևանքով սպանված կանանցից 11-ի վերաբերյալ ոստիկանությունում նախկինում բռնության դեպք չի գրանցվել, բռնություն գործադրած անձի նկատմամբ պաշտպանության միջոց չի կիրառվել, բռնարարը հաշվառված չի եղել ոստիկանությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում